Վանո Սիրադեղյան, պատմվածքներ

Բուքը, երգը, երեխան

«Բուքը, երգը, երեխան» Վանո Սիրադեղյանի այն պատմվածքներից է, որտեղ մատնացույց են արվում մարդկային արժեքները։

Տղան հաղթահարելով սառնամանիքը և դեմ գնալով իր ցավերին, թեև ժամանակից շուտ, բայց հասել էր իր նշանակետ՝ դպրոց։ Ձեռքերը սառել էին, բայց չէր հապաղում առաջ շարժվել, քանի որ ուներ նպատակակետ և հույս, որ հասնելուն պես իր մրսածությանը վերջ կտրվեր, երբ մտներ սենյակ։ Սառնամանիքը ստիպել էր, որ արագ գնա, վազի, բայց մտքին չէր գալիս, որ արագաշարժությունը և վաղ այցը չեն մեղմի ճանապարհին իր զգացածը։

Հարութ քեռին՝ պահակը, աշխատանքի մեջ ընկղմված լինելով և իր վրա սահմանված օրենքին ենթարկվելով, մի պահ կարծես կորցրել էր մարդկային արժեքները։ Նա տեսնելուն չտվեց տղայի խղճուկ և ցրտից կարմրած տեսքը, չընդունց նրա խնդրանքները և չբացեց դռնակը, որը այդ պահին տղայի միակ ցանկությունն էր։

Պահակը կարող էր ներողամիտ գտնվել տղայի հանդեպ, որովհետև չնայած օրենքներին, առաջին հերթին պետք է հիշել, որ վերադասվում են մարդկային հոգատարությունը և օգնելու պատրաստակամությունը։

Անանձրև հուլիս

Այս պատմվածն իմ կարծիքով ժողովրդին էր ուղղված։ Ներկայացնելով սովորական մարդկանց առօրյա կյանքը, նա ուզեցել է ցույց տալ, թե ինչ ձանձրալի է բոլորիս կյանքը։

…եթե աչքերդ սառել են առավոտ կանուխ, ուրեմն հայացքդ անցնելիք ճանապարհ ունի, այս վաղ ժամին հյուր չեն գալիս:

Մեր բոլորիս օրն այսպես է սկսում։ Բացում ենք մեր աչքերը և սառած նստում, փորձում ընկալել մեր շրջակա աշխարհը։ Սկսում ենք մեր սովորական կյանքի սովորական օրերից մեկը այնպես ՝ ինչպես անում են մեխանիկական սարքերը։ Վախենում ենք փոփոխություններից, ռիսկերից։

Մի կեսդ այստեղ՝ ութսուներկու թվականի հուլիսի վերջին օրերի մեջ կիսով քնում – կիսով զարթնում է, ոչ քնելուց է բան հասկանում, ոչ արթնանալուց և արյունը՝ ջուր, հոդերը՝ թույլ, բերանի մեջ՝ անհամություն – օրը տանում է որպես իշու բեռ, իսկ կեսդ այնտեղ՝ քսանհինգ տարվա ճանապարհ հեռու, ամառվա մի օր իմաստալից մի քայլ անելու ջանքով է լեցուն, բայց հավասարակշռությունը չկա կեսի մեջ:

Այս հատվածում նկարագրված են մարդկային գոյատևության կանոնները։ Արթնանում ենք ներկայով, օրը շարունակում ենք երազելով ապագայի բարիքների մասին։ Իսկ ի՞նչ ենք անում այդ բարիքներին հասնելու համար։ Ոչի՞նչ։ Իսկ ինչպե՞ս ենք պլանավորում հասնել մեր երազանքներին, եթե ծուլանում ենք մեր ներկա կյանքում։

Սովերի միջով դարավերջին հասած պապը հետևում է ամենօրյա այդ պայքարին ամենօրյա տարակուսանքով՝ «Երկրի վրա ախորժակը էս ո՞նց պակասեց»: 

Համեմատաբար մեծ սերունդը միշտ մեզ ասում է, թե ինչ լավ էր իրենց երիտասարդության ժամանակ և նոր ժամանակներին չեն կարողանում հարմարվել։ Նրանք մշտապես բողոքում են, քանի որ ափսոսում են, որ «էն վախտերով» իրենք չեն եղել նոր սերնդի նման ազատ, չեն ունեցել նրանց չափ հնարավորություններ։ Մեծ սերունդը վախենում է աշխարհի փոփոխություններից, քանի որ աշխարհն ավելի արագ է փոխվում հիմա, քան այն ժամանակ։

…հետն էլ ականջիդ օղ արա, տղա´, կանքդ քո կամքով չի եղել, որ կարճելն ու երկարացնելը քո կամքով լինի… Երկարացնես էլ՝ կբարակի:

Մեր կյանքում ամեն ինչ կատարվում է մեր կամքից հակառակ, քանի որ, երբ մենք ինչ-որ որոշում ենք կայացնում, մենք չգիտենք ինչ կլինի հաջորդ վայրկյանին։ Արդյո՞ք ճիշտ որոշում էր։ Ոչ ոք չի կարող ոչինչ կանխատեսել։

Կախարդական հայելին ճաքեց գիշերվա կեսին, մասերը տարանջատվեցին, մոխրամանը աղբաման դարձավ, լուցկու տուփը հագավ հատ-հատ, ծխախոտի ծուխը՝ ամպերին, սուրճի մրուրը շուրթերիդ հասավ, – ամբողջականության հույսը ցնդեց: Հրաշք չի լինի:

Այս տողերը նկարագրում են այն պահը, երբ սիրտդ կոտրվում է և կորցնում ես հույսդ։ Հուսալքումը ամենաանտանելի զգացողությունն է այս աշխարհում։ Հրաշքի հույս չկա, լույսը սրտիդ մեջ կորում է, թվում է, թե սա վերջն է։ Սակայն հուսալքումը բացում է ուրիշ դռներ։

Ափսոս էր Երեխան

Այս ստեղծագործությունը պատմում է մարդկային ձանձրալի կյանքի մասին։ Այն Սիրադեղյանի ամենալավ գործեչից էր ըստ իս։ Նա այստեղ նկարագրել է բոլորիս կյանքը հետագայում, ներկայում և անցյալում։ Իսկ, եթե անցյալը հետաքրքիր է անցել, այն արդեն գոյություն չունի։ Այն անցավ այնքան արագ, որ դու չհասցրիր այն լիովին վայելել։

Իսկ, եթե վերջ տանք ամեն մանրուքի մասին անհանգստանալու մեր սովորությա՞նը։ Ապա ի՞նչ կլինի։ Ապրել մանրամասնորեն նշանակում է հասկանալ կյանքի ամեն մի մասին, փորձել վերլուծոլ և զգալ դա։ Այդ պահերը պետք չէ ափսոսալ, քանի որ դրանք մեզ սովորեցրել են դասեր, որոնք աննկարագրելի ազդեցություն են ունեցել մեզ վրա։

Այդ ժամանակ էլ սովորեց օղի խմել։ Թե այլ հարավցիներ ինչու են օղի խմում, չհասկացավ, բայց ինքը օղի սկսեց խմել՝ խաշի հանդեպ զզվանքը հաղթահարելու համար։

Այս տողերը նկարագրում են, թե ինչպես ենք կյանքի ընթացքում ստիպողաբար հարմարվում բաների, որոնց կյանքում չէինք հարմարվի, եթե հույժ անհրաժեշտությունը չլիներ։ Մենք հանդիպում ենք բաների, որոնցից խուսափում ենք։ Այս ձևով փորձություն ենք անցնում, որն ապացուցում է, թե մենք դրանից խուսափում ենք վախի, թե՞ կամքի ուժ չունենալու պատճառով։

Իսկ գրելը մտածելու լավագույն ձեւն է։ Նման դեպքերում առաջին միտքը, որ գալիս է չնչին երկրի պաշտոնազրկված գեներալի գլուխը, հավատարմության ու դավաճանության, հեղափոխության ու հակահեղափոխության հավերժ թեման է։

Իրականում, այո, այս պարագայում մենք հայ ենք, և միշտ ձգտում ենք դեպի կատարյալ երկրի մոդելին, սակայն միայն գրում ենք այդ մասին։ Բայց, օրինակ, ինչո՞ւ է Եվրոպայում ամենաշատը գրվում սիրո և երջանկության մասին։ Նրանք էլ չունեն սեր ու երջանկություն։ Մենք ամենաշատը գրում ենք այն մասին, ինչ չունենք իրական կյանքում։

Երբեմն մենակության բերկրանքին տրվելով, մոռանում ենք, որ գոյություն ունեն մեզ նման էակներ, ովքեր ապրում են ավելի ակտիվ կյանքով։ Մենակությունը դառնում է սովորություն, ապրելու ձև, մտածելակերպ։

Հնարավորությունները սերնդե սերունդ շատանում են։ Այն, ինչ անհնար էր 20 տարի առաջ, հիմա հնարավոր է և հասանելի բոլորին։ Փոխվում է նաև ծնողների մտածելակերպն ու վարքը։ Եթե տարիներ առաջ անհնար էր առանց հանրագիտարանների ապրել, ապա հիմա այդ հանրագիտարանները գցած են մի մութ անկյունում, փոշու մեջ հանգչում են իրենց հին ինֆորմացիայով հանդերձ։ Հնարավորությունները փոխվում են։ Կյանքն առաջ է շարժվում ամեն ակնթարթի հետ միասին։ Փոխվում ենք նաև մենք։

…որովհետեւ կյանքը այնտեղ էր, որտեղ չկար մահվան գիտակցումը։

Մահվան գիտակցումը երեխայի համար ամենաառաջին սարսափի պահն է։ Փոքր երեխան, երբ գիտակցում է, որ գալու է օր, երբ նա էլ չի կարողանալու անել այն բաները, որոնք նա առանց ոչ մի դժվարության անում է հիմա։ Ամենատխուր դեպքը, դա երեխան դեռ կյանքը չգիտակցած, զգում է մահվան համը։

Կյանքը սովորույթ է, և ցավոք շատ մարդիկ սիրում են վերջ տալ այդ սովորությանը։ Երբ կյանքն արդեն դառնում է նույնը, մենք հոգնում ենք դրանից։ Ինչքա՜ն մռայլ կարող է այն դառնալ, երբ հոգնում ես դրանից։ Կյանքը դառնում է անհետաքրքիր, անգույն և ակնկալվող։

Դադարը, ժամանակավոր թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը։

Չկա ավելի լավ զգացմունք, քան վերածնվելը։ Վերածնվելը որպես նոր մարդ, նոր անձ և նոր անհատականություն։ Մենք զգում ենք ինքներս մեզ վերագտնելու անհրաժեշտությունը։ Դա պարտադիր է, երբ մենք հոգնենք ինքներս մեզնից։

Leave a comment